Tert.am-ը գրում է.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:

Արդյունքում՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից: Այնուհետև Հ. Ա.-ն, շուրջ 240 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված անշարժ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ապահովել է դրանց գրանցումն իր մերձավորների անվամբ և հետագայում գույքերի զգալի մասը շինծու գործարքների արդյունքում գրանցել կնոջ, ինչպես նաև իր կողմից կառավարվող ընկերության անվամբ՝ փաստացի տնօրինելով և տիրապետելով դրանք:

Բացի այդ, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի անօրինական արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրված «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությանը:

Մասնավորապես՝ Հ. Ա.-ն 2006-2016 թթ. ընթացքում հիշյալ ընկերությանը հատկացված տեղամասին հարակից տարածքում ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տիրանալու, երկու ընկերությունները փաստացի միավորելու և դրա արդյունքում առավել շահավետ տնտեսական գործունեություն ծավալելու անձնական դրդումներից ելնելով՝ եղբոր, վերջինիս որդու և այլ անձանց միջոցով 2008-2015 թթ. ընթացքում մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող վերը նշված երկու ընկերությունների կառավարմանը և  «Ավազահատիկ» ՍՊ ընկերության ավազի հանքի շահագործումից ստացել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 230 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այնուհետև, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Հ. Ա.-ն վերոհիշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային տարբեր գործարքներ կատարելու եղանակներով դրան հաղորդել օրինական տեսք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել