Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

 2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։

Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի թիվս այլնի

- պատասխանատու լինելով Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար,

- Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով Բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,

- Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ և լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները և նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,

խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:

Այսպես.

Արծվիկ Մինասյանը.

- տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,

- տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,

- տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել:

Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:

Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաև իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ:

Մասնավորապես.

Արծվիկ Մինասյանը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի թիվ 25-214-Ն գրությամբ ստանալով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի քննարկմանը։

Հանձնաժողովը, Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է Կառավարության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները և սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։

Նիստից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6–ին, Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ 1 միավոր անշարժ գույքի տվյալները և կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում ևս ներառված են եղել հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցույթային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին, ըստ փաստաթղթերի, հայտեր և գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, և օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։

Մրցույթի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը,

- հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը,

- նախագծային փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում,

միաձայն հաղթող է ճանաչել Բենիամին Ղալեչյանին։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի և Բենիամին Ղալեչյանի միջև կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ սահմանելով 631.560 ՀՀ դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում և վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանը, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Ավելին՝ նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձևակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Այսինքն, Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝

Տալ համաձայնություն՝ ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»: 


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է նաև ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:

Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:

 2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:

2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։

Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) այն բանի համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին Պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։

 Սեյրան Օհանյանի զբաղեցրած պաշտոնով և դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանը, գործելով վերադասի՝ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում 124.892.985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը: Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։

Նշված առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով, Աշոտ Գրիգորյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ իր անմիջական ենթակա, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լևոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությունը մասնակցել է Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին և, հաղթող ճանաչվելով, իրականացրել շինարարական աշխատանքներ, 2015 թվականի ապրիլին դիմել է Գրիգոր Բարսեղյանին՝ առաջարկելով հիշյալ ընկերության միջոցով իրականացնել առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, որին Գրիգոր Բարսեղյանը համաձայնվել է։

«Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությունն իր ֆինանսական միջոցներով վերոնշյալ առանձնատանը կատարել է շուրջ 64.500.000 դրամի շինարարական աշխատանքներ: Շինարարական աշխատանքները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դադարեցվել են՝ ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով: Այդ մասին Գրիգոր Բարսեղյանը և նրա հայրը՝ Լևոն Բարսեղյանը, 2015 թվականի վերջին հայտնել են Աշոտ Գրիգորյանին և խնդրել վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված շուրջ 58.000.000 դրամը։

Աշոտ Գրիգորյանը, գործելով Սեյրան Օհանյանի գիտությամբ և հանձնարարությամբ, հրաժարվել է տրամադրել հիշյալ գումարը՝ պատճառաբանելով, որ նշված աշխատանքների դիմաց վճարման ենթակա շուրջ 58.000.000 դրամը համարում է նախկինում Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությանը հաղթող ճանաչելու, գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչընդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումները կատարելու համար, այսպես կոչված, «ատկատի» (իրավաբանորեն՝ կաշառքի) գումար: Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հետագայում ևս ապահովել Պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչընդոտ և շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչընդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումները կատարելու գործընթացները։

«Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը, գիտակցելով Սեյրան Օհանյանից ու Աշոտ Գրիգորյանից իր Ընկերության հետագա գործունեության և Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող որդու պաշտոնավարման կախվածությունը, հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58.000.000 դրամը։

Այսպես.

1. Սեյրան Օհանյանը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ, մասնավորապես՝

- խաթարվել է Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության և առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը,

- Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանման և կազմակերպության մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը,

- պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների կառուցմանը,

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից,

- Պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-2016 թվականների ընթացքում առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ ստացած ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։

2. Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերությանը Պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 58․000․000 դրամ կաշառք։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքների կատարում:

3. Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125.394. 158 դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդի Բենիամին Ղալեչյանի, ինչպես նաև իր օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայր՝ Էդգար Գրիգորյանի մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին:

Նախապես մշակված սխեմայով Բենիամին Ղալեչյանը մրցութային հանձնաժողովին է ներկայացրել մրցույթի հայտ և հանգստի գոտու կառուցապատման գործարար ծրագրի փաթեթ, որում թաքցվել է հողատարածքն արդեն իսկ շինություններով ծանրաբեռնված լինելու հանգամանքը: Գործարար ծրագրով առաջարկվել է կառուցել ադմինիստրատիվ, հանգստի, ժամանցի և սպորտային շինություններ։

Բնապահպանության նախարարի և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արծվիկ Մինասյանը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը ծանրաբեռնված է շենք-շինություններով, որոնք փաստացի պատկանում են Սեյրան Օհանյանին, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել նշված իրավախախտումների արձանագրումը, պատասխանատվության միջոցների կիրառումն ու հետևանքների վերացումն ապահովելու ուղղությամբ, այլև ապահովել է մրցութային հանձնաժողովի կողմից, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա, Բնության հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված և նրա կողմից որոշված անձին՝ Բենիամին Ղալեչյանին։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի և Բենիամին Ղալեչյանի միջև կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ է սահմանվել 631.560 դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում և վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը՝ այդ կերպ փաստացի ապահովելով Սեյրան Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Այսպիսով, Սեյրան Օհանյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

4. Սեյրան Օհանյանը, 2021 թվականի օգոստոսի 2-ից ստանձնելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր կողմից ներկայացված, պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ հայտարարագրում, իսկ այնուհետև նաև 2022, 2023 և 2024 թվականներին ներկայացված՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող, սակայն Բենիամին Ղալեչյանի անվամբ կառուցապատման իրավունքով գրանցված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված, իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները: 2021 թվականի դրությամբ չի հայտարարագրվել` 123.369.193 դրամ, 2022 թվականի դրությամբ` 145.065.256 դրամ, 2023 թվականի դրությամբ` 166.402.824 դրամ արժողությամբ գույքը:

Այսպիսով, Սեյրան Օհանյանը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։

Այսինքն, Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:

Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝

Տալ համաձայնություն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել