Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանրապետության վրա հարվածները որակել է որպես չհրահրված ագրեսիա, որը որևէ հիմք կամ արդարացում չունի։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է, այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Պուտինը հավելել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

«Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար», - նշել է Պուտինը։

Արաղչին, իր հերթին, ասել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով: Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք:

Ըստ Արաղչիի՝ Ռուսաստանը և Իրանն անընդհատ խորհրդակցում են բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։ 

«Մենք նաև ցանկանում էինք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այս գործողությունները խստորեն դատապարտելու համար: Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է: Իրանի գերագույն առաջնորդ (Ալի Խամենեին - խմբ.) և Իրանի նախագահ պարոն (Մասուդը - խմբ.) Փեզեշքիանը խնդրել են ինձ Ձեզ փոխանցել  լավագույն մաղթանքները», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել