
Իր մամուլի ասուլիսում տխրահռչակ «Շիշ Բռնողը» հանդես է եկել հերթական կասկածելի առաջարկությամբ. առաջարկել է կրճատված ժամկետով ծառայության հնարավորություն տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։
Հայկոն առաջարկում է երեք տարբերակ՝ ծառայել 24 ամիս և պետության կողմից ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նա հայտարարել է, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասը կարող է ուղղվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։
Սա չափազանց վտանգավոր նախաձեռնություն է և հաստատվելու դեպքում կարող է ոչ միայն թուլացնել բանակը, այլև է՛լ ավելի խորացնել հասարակության մեջ առկա ճեղքերը: 2018-ին սոցիալական հավասարություն հաստատելու մասին լոզունգներով իշխանություն վերցրած Նիկոլի ՔՊ-ական պատգամնավորը, փաստորեն, օգնում է ավելի լավ հասկանալ Նիկոլի իշխանության էությունը, որի հետ որևիցե կապ չունեն այն ականջահաճո լոզունգները, որոնց վանկարկմամբ իշխանության եկավ Նիկոլը:
Սրանք, փաստորեն, բանակում ծառայելը փորձում են դարձնել միայն ռամիկների համար նախատեսված զբաղմունք՝ միաժամանակ փոքրացնելով ժամկետային զինծառայողների թիվը: Թեպետ դժվար թե տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու պատրաստ լինեն մեծ թվով մարդիկ, սակայն ինքնին փողի ուժով նման արտոնություններ ընձեռելը բանակում ստեղծելու է չափազանց վատառողջ մթնոլորտ:
ՔՊ-ի համար բանակը ոչինչ է, ընդամենը փող աշխատելու միջոց, ինչը չի կարող տարօրինակ դիտվել՝ այս քաղաքական ուժի թողած հետագիծը հաշվի առնելով: