Մոսկվայի «Բոդրոստ» հանրային բաղնիքի համալիրում ղրղզստանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, ինչի առնչությամբ Ղրղզստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վակունովին բողոքի նոտա է հանձնել: Միաժամանակ Ղրղզստանը նաև խնդրել է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և կանխել նմանատիպ միջադեպերն ապագայում:

Այս ֆոնին Նովոկուզնեցկի դատարանը հրաժարվել է կալանավորել Ադրբեջանի այն քաղաքացիներին, որոնք 2012-ից ի վեր գերի են պահել 9 մարդու՝ ստիելով տեսակավորել աղբը և քաղաքային աղբավայրերից մետաղ հավաքել։ Չնայած հանցագործության ակնհայտ ծանրությանը՝ ռուսական դատարանը որոշել է ստրկատերերին նախնական կալանքի չենթակել՝ սահմանափակվելով նախաքննության ընթացքում միայն մի քանի սահմանափակումներով:

Սա նշանակում, է մեկ բան՝ Ադրբեջանի ձեռքերն այնքան են երկարել, որ նրանք այլևս սկսել են մեծ ազդեցություն ձեռք բերել ռուսական դատաիրավական համակարգի վրա, որի կոռումպացվածության մասին լեգենդներ են հյուսվում: Դժվար չէ կռահել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանցիների փոխարեն ղրղզներ կամ ասենք հայեր լինեին: Նույնիսկ ռուսների դեպքում դատարանի որոշումը միանգամայն ադեկվատ կլիներ, բայց քանի որ Իլհամի ցեղակիցների մասին է խոսքը, փաստորեն, նման որոշում է կայացվել:

Այն, որ Ադրբեջանի ձեռքերն այսքան երկարել են, հետևանք է նաև Նիկոլի վարած քաղաքականության: Թշնամանալով ՌԴ-ի հետ՝ ՔՊ-ական Հայաստանն ավելի է հեշտացնում Բաքվի գործը, ինչի պատճառով Ադրբեջանը Ռուսաստանում խորն արմատներ է գցում՝ ազդելով նաև կովկասյան քաղաքականության վրա,և սա՝ մի դեպքում, երբ Իլհամը ՌԴ-ին ագրեսոր է հռչակում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականութունը ջատագովելով:

Մյուս կողմից՝ անհնար է թերագնահատել ադրբեջանցի միլիարդատերերի ջանքերը, նույն Նիսանովի խաղացած դերակատարությունը ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսօրակության հարցում, ինչն ինքնաբերաբար սրում է ազդեցիկ ռուսահայերին վերաբերող հարցը ու հարց բարձրացնելու առիթ տալիս՝ այս իմաստով Հայաստանն ունի՞պոտենցիալ:

Անկասկած, ունենք, ուղղակի ողջ խնդիրն այն է, որ եթե Իլհամը համակարգված է գործում իր հայրենասեր, ազդեցիկ ցեղակիցների հետ՝ գրանցելով շշմեցնող արդյունքներ, Նիկոլն այդ ընթացքում ազդեցիկ հայերի մուտքը Հայաստան արգելում է, արհեստական խոչընդոտներ ստեղծում, ընդ որում՝ ոչ միայն ՌԴ-ում բնակվող ազդեցիկ հայերի համար, ինչի պատճառով մեզ մնում է ընդամենը Բաքվին նայել նախանձով:

Ոչ մեկին նախանձել պետք չէ. խնդիրը Նիկոլն է, որը պետք է լուծել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել