
Tert.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի.«Դա ձեր գործը չէ». այս մասին «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Ստորև ներկայացնում ենք Օսկանյանի հոդվածը.
«Եվ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, պատրաստ է կատարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները։ Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի տակ թաքնված է ակնհայտ հակասություն իր իսկ Սահմանադրության շրջանակում, ինչը մանրակրկիտ քննություն է պահանջում ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև ապակայունացնող նախադեպի համար, որը կարող է ստեղծվել:
Եթե Ադրբեջանն իսկապես հանձնառու է ներկայիս իրողությունների և փոխադարձ ճանաչման վրա հիմնված ապագայի կառուցմանը, ապա պետք է նաև առերեսվի իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:
Պետության անկախության մասին Ադրբեջանի 1991 թվականի սահմանադրական ակտը դուրս է սոսկ ինքնիշխանության հռչակման սահմաններից: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտորեն ներկայացնում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջությունը։ Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության պարտադրումն անօրինական բռնակցում էր և մերժում է բոլոր պայմանագրերն ու ներքին խորհրդային օրենքները, որոնք հաջորդել են դրան: Այսպես վարվելով՝ Ադրբեջանը խորհրդանշականորեն և իրավաբանորեն անջատվում է խորհրդային ժամանակաշրջանից, ներառյալ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին 1921 թվականին...
Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս հաջորդականությունը, հատկապես առաջին հանրապետության 90-ամյակի կապակցությամբ 2008–2009 թթ. ազգային տոնակատարությունների ժամանակ։ Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը սոսկ հետխորհրդային պետություն չէ, այլ Խորհրդային Միությունից առաջ գոյություն ունեցած պետության վերածնված մարմնավորումը:
Այնուամենայնիվ, այս պատմական կեցվածքը զուգակցվում է մի անհարմար ճշմարտության հետ. 1918–1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ որոշված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին զինված հակամարտություններում մի քանի շրջանների, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ժամանակահատվածում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը կայուն չէր և հաճախ որոշվում էր ռազմական ուժի, դիվանագիտության կամ արտաքին միջամտության միջոցով: Հետևաբար, 1918-1920 թվականների հանրապետության ժառանգության վկայակոչմամբ այսօր Լեռնային Ղարաբաղին հավակնելը նշանակում է վերադառնալ վիճելի և ոչ միանշանակ տարածքային պայմանավորվածությունների դարաշրջանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: