
Այժմ պետական գերատեսչությունների զգալի մասն անցել է էլեկտրամոբիլների շահագործման։ Մեր տեղեկություններով՝ էլեկտրամոբիլներ է ձեռք բերել նաեւ Քննչական կոմիտեն։ Քանի՞ էլեկտրամոբիլ են գնել, այժմ իրենց ավտոպարկի քանի՞ տոկոսն են դրանք կազմում։ Այս հարցերին պատասխան ստանալու համար գրավոր դիմել էինք Քննչական կոմիտե։
Մեզ հարցմանն ի պատասխան տեղեկացրել են․ «ՀՀ քննչական կոմիտեն 2024 թվականին ձեռք է բերել թվով 10 (տասը) էլեկտրամոբիլներ` յուրաքանչյուրը 12 մլն 199 հազար 999,9 դրամ արժեքով: Բոլոր էլեկտրամոբիլները կահավորվել են հատուկ տարբերանշաններով եւ լուսարձակներով ու տրամադրվել են Կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության կազմում գործող քննչական ստորաբաժանումներին` վերջիններիս գործառույթների շրջանակներում կատարվելիք տարաբնույթ քննչական գործողություններում տրանսպորտային փոխադրումներ ապահովելու նկատառումներով, իսկ տվյալ ստորաբաժանումներին սպասարկող նախկին մեքենաները նույն նպատակով տրամադրվել են քննչական այլ ստորաբաժանումների, որոնց ամրացված ավտոմեքենաները եղել են առավել հնամաշ: Հավելենք, որ էլեկտրամոբիլների տրամադրմանը հաջորդող փուլում իրականացված վերլուծությունների արդյունքում կատարվել է նաեւ Կոմիտեի հաշվեկշռում եղած ավտոմեքենաների կրճատում եւ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին թիվ 92-Ա որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել թվով 14 ավտոմեքենաներ»:
Ըստ ՔԿ-ի՝ ներկա պահին Կոմիտեի հաշվեկշռում առկա է 84 ավտոմեքենա, որոնցից 10-ը կամ 11.9%-ն էլեկտրամոբիլներ են: Ի դեպ, մեր գրավոր հարցման մեջ հարց էինք ձեւակերպել, թե արդյոք ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի համար ե՞ւս էլեկտրամոբիլ է գնվել, սակայն այդ հարցին, չգիտես ինչու, չեն պատասխանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել