Իսրայելական բանակը ռումբեր է նետել Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղաքաղաքի վրա և սպառնացել ռմբակոծել մայրաքաղաք Բեյրութը, եթե իսրայելական բնակավայրերն անվտանգություն չունենան։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Իսրայելը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Քֆար Սիր, ինչպես նաև Յահմուր բնակավայրերի շրջակայքին։Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից երկու հրթիռ է արձակվել Քիրյաթ Շմոնա բնակավայրի ուղղությամբ, որոնցից մեկը ԻՊԲ-ն որսացել է, իսկ երկրորդն ընկել է լիբանանյան տարածքում։

«Եթե Քիրյաթ Շմոնայի և Գալիլեայի բնակիչներն անվտանգություն չունենան, ապա Բեյրութում խաղաղություն չի լինի», – ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

Կացը հավելել է, որ Լիբանանի կառավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում դեպի Գալիլեա յուրաքանչյուր արկի արձակման համար:

Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է իր ամենօրյա հարձակումները հարավային Լիբանանի գյուղերի և քաղաքների վրա՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 27-ին 5 մարդ է զոհվել երկրի հարավում գտնվող երկու բնակավայրերի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով։

Նախորդ շաբաթվանից Իսրայելը սաստկացրել է իր հարձակումները Լիբանանի վրա՝ պնդելով, որ իր հյուսիսային բնակավայրերից մեկը լիբանանյան կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել:

«Հեզբոլլահ» շարժումը, սակայն, հերքել է իր առնչությունը հարձակմանը:2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը, չնայած հրադադարի պայմաններին, հրաժարվել է իր ուժերը մինչև փետրվարի 18-ը դուրս բերել հարավային Լիբանանից: Նա իրականացրել է ուժերի մասնակի դուրսբերում և շարունակում է օկուպացնել լիբանանյան հինգ խոշոր բլուրներ այն տարածքներում, որոնք գրավել էր վերջին պատերազմի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել