
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։
Նա նշել է, որ կնոջ՝ Ուշայի՝ ամերիկյան պատվիրակության կազմում մարտի 27-29-ին նախատեսված այցը Գրենլանդիա մեծ ուշադրություն է գրավել։
«Այս ուրբաթ Ուշայի Գրենլանդիա կատարելիք ուղևորության շուրջ այնպիսի աղմուկ է բարձրացել, որ ես որոշեցի ամբողջ զվարճանքը չթողնել նրան: Այսպիսով, ես կմիանամ նրան», - ասել է ԱՄՆ փոխնախագահը X-ում:
Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:
«Սա շատ կարևոր է։ Շատ այլ երկրներ սպառնացել են Գրենլանդիային։ Սպառնացել են օգտագործել նրա տարածքներն ու ծովային ուղիները՝ վտանգ ստեղծելու համար Միացյալ Նահանգների, Կանադայի և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդի համար: Ուրեմն մենք կստուգենք, թե ինչպես են գործերն այնտեղ ընթանում», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ամրապնդել Գրենլանդիայի ժողովրդի անվտանգությունը» և որ «Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց»:
«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել էր նա Truth Social ցանցի իր էջում:
Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։
2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ:
Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։
Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը):