ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ և ամերիկյան զորքեր կուղարկի Ուկրաինա, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի դադարեցնել պատերազմը և խափանի խաղաղ բանակցությունները, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. «Կան ճնշման տնտեսական լծակներ, և, իհարկե, կան ճնշման ռազմական լծակներ»,- ասել է նա Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում։

Վենսի խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կձգտի համոզել Պուտինին, որ Ռուսաստանը կարող է ավելիին հասնել բանակցությունների սեղանի շուրջ, քան մարտի դաշտում: Նա նշել է, որ եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը հաջող լինի, ԱՄՆ-ը կարող է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվայի ներկայիս մեկուսացումն արևմտյան երկրներից նրան դարձնում է Պեկինի կրտսեր գործընկերը։ «Պուտինի շահերից չի բխում փոքր եղբայր լինելը Չինաստանի հետ կոալիցիայում», - բացատրել է Վենսը:

Ընդ որում, փոխնախագահը հրաժարվել է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի հնարավոր պարամետրերի մասին։ Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե օկուպացված ուկրաինական տարածքի որ մասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ, և անվտանգության ինչ երաշխիքներ կստանա Կիևն ԱՄՆ-ից և արևմտյան այլ դաշնակիցներից։ «Կան բազմաթիվ ձևակերպումներ, կոնֆիգուրացիաներ, բայց մենք մտածում ենք նրա մասին, որ Ուկրաինան մնա ինքնիշխան և անկախ», - ասել է Վենսը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Թրամփը պատրաստ է քննարկել ցանկացած տարբերակ, բայց բանակցությունների ընթացքում կարող է փոխել իր կարծիքը որոշ հարցերի շուրջ։ «Կարծում եմ, որ սա գործարք է լինելու, որը ցնցելու է շատ մարդկանց»,- զգուշացրել է ԱՄՆ փոխնախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել