![](/static/news/b/2025/01/888560.jpg)
Ուզում եմ անդրադառնալ հանրային տրանսպորտի սակագնի շուրջ ծավալվող քննարկումներին:
Կարծում եմ կարիք չկա հիմնավորել հանրային տրանսպորտի գոյության կարևորությունը: Այսպիսով, կարող եմ արձանագրել, որ երևանցիները միմյանց հետ համաձայնել են ունենալ հանրային տրանսպորտ: Հաջորդ քայլը համաձայնության երկրորդ փուլն է. այն է՝ պահպանել ենթակառուցվածքն ու բարձրացնել ծառայության որակը: Տրամաբանությունը հուշում է, որ երեսունամյա սակագինն ի վիճակի չէ ապահովել թարմացված ավտոբուսների պահպանումն ու բարձրացնել ծառայության որակը: Նույնիսկ լուցկու գինն է փոխվել այս ընթացքում:
Քաղաքային իշխանությունն առաջարկում է նոր սակագնային փաթեթ, որի շուրջ քաղաքացիները բուռն քննարկումներ են ծավալում: Արդյունքում քաղաքապետարանը փորձում է ճկուն գտնվել և հնարավոր հավասարակշիռ լուծումն առաջարկել քաղաքացիներին:
Այստեղ կարևոր է նկատել, որ ավտոբուները հանրային գումարներով ձեռք բերված բարիք են, և նրանց պահպանումը նույնպես երևանցիների և ապագա սերնդի համար է, և պետք է իրագործվի մեր՝ երևանցիներիս փոխհամաձայնությամբ և ջանքերով:
Հարց է ծագում «100 դրամ» ակցիայի հեղինակներին: Ուզում եմ հասկանալ՝ ում հաշվին եք առաջարկում շարունակել վճարել 100 դրամ (այլ քաղաքացիների՞, ապագա սերնդի՞), և որտեղից է գոյանալու մնացած անհրաժեշտ գումարը: Նման տրամաբանությամբ կարելի է ամեն բան ոչ թե 100 դրամով, այլ ուղղակի անվճար պահանջել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tsovinar.vardanyan/posts/pfbid0278YWhw5SgegVyFTFUrveqJ9X7uJmzqE1ybbj9smzHLsJzypa52M9tsreJUnX5Siel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել