Հաճախ են կարծիքներ հնչում, թե իշխանության ներսում բազմաթիվ տարաձայնություններ կան, շուտով համակարգը կփլուզվի և այլն: Բայց ո՞վ պետք է այդ դեպքում արագացնի գործընթացը, եթե ոչ ընդդիմությունը: Այստեղ հարց է ծագում. կա՞ Արդյոք Հայաստանում ընդդիմություն: Կան շատ ընդդիմադիր գործիչներ, որոնք իրենց կարծիքն ու ընդդիմադիր կեցվածքն արտահայտում են տարբեր հարցերի շուրջ` մեղադրելով իշխանությանը: Սակայն ընդդիմություն հասկացությունը այլ բան է. անհատների հակաիշխանական ասուլիսները չեն, այլ մեկ ընդհանուր մարմին, որը պետք է լուրջ հակակշիռ ներկայացնի իշխանությանը: Այն բոլոր կուսակցությունները, որոնք դեմ են իշխանությանը, պետք է ընդգրկվեն մեկ մարմնում` «Ընդդիմություն» անվան ներքո: Եվ ընդդիմության թիվ մեկ նպատակը ոչ թե հեղափոխություն կամ իշխանափոխություն անելը պետք է լինի, այլ իշխանություններին ստիպել անել ճիշտ քայլեր: Ես ինքս չեմ պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր լինի բազմահազար հանրահավաքների միջոցով իշխանափոխություն իրականացնել: Ընդդիմադիր դաշտում ևս հակասությունները շատ են թե՛ տարբեր կուսակցությունների միջև, թե՛ այդ կուսակցությունների ներսում: Մարդիկ դադարել են Ձեզ վստահել, հարգելի ընդդիմություն: Դրա վառ ապացույցը ավելի ուշ-ուշ և սակավամարդ դարձող հանրահավաքներն են: Բոլորդ պետք է հավաքվեք և որոշեք, թե, վերջապես, ինչ է ձեր ուզածը: Միայն ընտրություններից հետո չէ, որ պետք է հանրահավաքներ հրավիրել և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են: Այդպիսի կեցվածքով դուք ապացուցում եք, որ ձեզ, բացի «բաղձալի աթոռ»-ից, ուրիշ ոչինչ պետք չէ: Խոնարհվում եմ այն ընդդիմադիր գործիչների առջև, ովքեր ժողովրդի կողքին են կանգնած ամեն հարցում: Ես կհամարեմ, որ մեր երկրում կա ընդդիմություն միայն այն դեպքում, երբ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական գործիչները կմիավորվեն մեկ գաղափարի շուրջ. հակակշիռ դառնալով իշխանությանը` ամեն հարցում սատար կկանգնեն հասարակ քաղաքացու կողքին:
Հ.Գ. Ձեր առաջնային նպատակը դարձրեք ոչ թե ընտրություններում հաղթելը, այլ իշխանության հակակշիռ դառնալը: Այդ գործում լավ դրսևորելով ձեզ` կհաղթեք նաև ցանկացած ընտրություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=634217683266841&set=a.185286031493344.39512.100000358443385&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել