Սիրիայում իսլամիստական լրատվական ալիքները, որոնք մոտ են նոր իշխանություններին, հրապարակել են Գերմանիայի ԱԳ նախարարի այցի լուսանկարները, որոնցում նախարարի մարմինն ու դեմքը «լղոզված» են, գրում է Bild-ը:
Մասնավորապես, Almharar լրատվական ալիքը Telegram-ում տարածել է լուսանկարներ, որոնցում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն անճանաչելի է դարձել «լղոզվածության» պատճառով։ Մինչդեռ նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարոն առանց ռետուշի պատկերված է սիրիացի քաղաքական գործիչների կողքին։
Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքի այցի ժամանակ Սիրիայի դե ֆակտո ղեկավար ալ Ջուլանին հրաժարվել էր սեղմել կին նախարարի ձեռքը:
Almharar-ը կապված է Սիրիական ազատ բանակի հետ, որն այսօր Սիրիայում ամենամեծ ընդդիմադիր շարժումն է. այն դեկտեմբերին է զավթել իշխանությունը: Սա նշանակում է, որ հեռուստաալիքը մոտ է նոր իշխանություններին, սակայն սիրիական պաշտոնական լրատվական գործակալություն չէ: Սիրիական պաշտոնական «Սանա» լրատվական գործակալությունը պատկերները տարածել է առանց գրաքննության կամ խմբագրման: