Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցել է ցույցի կողքով, որը տեղի է ունենում խորհրդարանի մոտ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Պահպանության մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ Զուրաբիշվիլին անցել է Ազատության հրապարակով մինչեւ Քաշվեթի եկեղեցի՝ Ատոնելու փողոցի իր աշխատավայր հասնելու ճանապարհին։

Նրան շրջապատել են տասնյակ լրագրողներ, նա որեւէ մեկնաբանություն չի արել։ Ցուցարարները ողջունել են Վրաստանի նախագահին՝ վանկարկելով. «Սալոմե»։ «Մենք քեզ սիրում ենք», «Կավելաշվիլին մեր նախագահը չի լինի»,- բղավել են ոմանք։

Զուրաբիշվիլին ապրում է Ատոնելու փողոցից ոչ հեռու եւ գրեթե միշտ աշխատանքի է գնում ոտքով, բայց այլ երթուղով։

Վրաստանի խորհրդարանում այս րոպեներին տեղի են ունենում նոր նախագահի ընտրությունները։ Միակ թեկնածուն «Վրացական երազանքի» առաջադրած նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին է, որը բարձրագույն կրթություն չունի։

Ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքին եւ իր թեկնածուին չի առաջադրել։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններն անվանել էր «պարոդիա» եւ «սադրանք»։ Ինչպես եւ ընդդիմությունը, նա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները, մինչեւ որ երկրում տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ստիպված կլինի «գնալ թոշակի» Կավելաշվիլու երդմնակալությունից հետո դեկտեմբերի 29-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել