Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին:
«Ըստ Ընտրական օրենսգրքի՝ արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- «Արմենպրես»-ի թղթակցի` ընտրության հնարավոր օրվա վերաբերյալ հարցին ի պատասխան տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը:
Կառավարությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Նոր ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականին փետրվարի 20-ին: Հաշվի առնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20–ին, իսկ ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ապա, ամենայն հավանականությամբ, Գյումրու ավագանու ընտրությունները կնշանակվեն մարտի 30-ին:
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է: