Tert.am-ը գրում է․

Սիրիայում տիրող իրավիճակի մասին Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

- Պարո՛ն Վարդանյան, Սիրիայում փաստորեն տապալվեց 24 տարվա նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը, նա լքել է երկիրը, քաղաքական ապաստան ստացել Ռուսաստանում և փաստացի իշխանափոխություն է տեղի ունեցել երկրում: Ի՞նչ սպասել այս ամենից հետո, Սիրիայում իրավիճակը կկայունանա՞, թե՝ հակառակը:

- Սիրիան մտել է նոր անորոշությունների փուլ, և որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե ինչ կլինի այդ երկրի հետ: Սցենարներն ամենատարբեր կարող են լինել: Հնարավոր է իրավիճակը կայունանա, նոր կառավարությունը փորձի տնտեսական ինչ-որ զարգացում բերել, փորձի այս ծանր ժամանակահատվածից հետո լավացնել երկրի վիճակը և հնարավոր է նաև, ընդհանրապես, Սիրիան մասնատվի մի քանի մասի: Այսինքն, ամենահակադիր սցենարներ կարող են լինել: Հնարավոր չէ այս պահին ասել՝ ինչ սցենարով կընթանան իրադարձությունները, ինչպես որ հնարավոր չէր կանխատեսել, որ մի քանի օրվա մեջ Ասադի վարչակարգը երկար տարիների կառավարումից հետո այդպես հանգիստ կտապալվի:

- Ո՞ւմ պլանն էր սա:

- Սա առաջին հերթին, իհարկե, հենց Թուրքիայի խաղն էր, Թուրքիայի կազմակերպած գործողությունների արդյունքը: Այդ ալ-Ջուլանին Թուրքիայի ազդեցության ներքո էր գտնվում և հենց դրա գործուն աջակցությամբ կարողացան տապալել Ասադի վարչակարգը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ ուզում էր տապալել Ասադի վարչակարգը, սակայն չէր հաջողում: Վերջին շրջանում Էրդողանն առաջարկել էր հանդիպում Ասադի հետ, բայց Ասադը հրաժարվեց, հույսը դրեց Իրանի և Ռուսաստանի վրա և չգնաց հանդիպման: Թուրքական կողմը պահն օգտագործելով՝ կարողացավ շատ ճիշտ պահին կազմակերպել այդ հեղաշրջումը, ինչն էլ տվեց այդ արդյունքները:

- Կարո՞ղ ենք ասել, որ հենց Թուրքիայի ազդեցությունն էլ կուժեղանա Թուրիքայում հաջորդ իշխանության օրոք, և էլ ո՞ր երկրները ներկայություն կունենան:

- Այո, կարծում եմ` Թուրքիայի ազդեցությունը բավական կմեծանա, որովհետև այս ահաբեկչական խմբավորումներն աջակցություն էին ստանում Թուրքիայից: Ըստ այդ տրամաբանության՝ հենց Թուրքիայի ազդեցությունը կմեծանա և ավելի կթուլանա Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը: Միաժամանակ Իսրայելն ու ԱՄՆ-ն նույնպես կփորձեն կապեր հաստատել այս նոր իշխանության հետ, նոր իշխանության կառավարման հունն իրենց ուղղությամբ տանելու համար, որ այնպիսի Սիրիա ունենան, որը կհամագործակցի իրենց հետ, այլ ոչ թե կդառնա իրենց թշնամիների դաշնակիցը: Այս պահին էլ սակայն, արդեն իսկ տեսանելի է, որ ամենից շատ օգտվողը, ամենամեծ շահառուն Թուրիքան է:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել