Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն 2 շաբաթ առաջ վարչական դատարան է դիմել ու հրաժարվել Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից, որի պատճառով արդեն 3 տարի ավագանին չի կարողանում համայնքապետ ընտրել։ ԼՀԿ-ն, հիշեցնենք, 2021-ի ընտրությունների արդյունքներն էր բողոքարկել, եւ դատարանն ավագանուն արգելել էր ղեկավար ընտրել, քանի դեռ հայցի քննությունն ընթանում է։ Մարուքյանի «շնորհիվ» Փաշինյանը կարողացավ համայնքապետի ԺՊ նշանակել կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ Ակային՝ Արկադի Փելեշյանին։ Ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին 2 տարի փակեցին կալանավայրում, որ Վանաձորը խլեն ընտրված ուժից։

Մարուքյանն իշխանությանը մատուցած այդ ծառայության դիմաց Փաշինյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը ստացավ։ Երկար դատաքննությունից հետո, անցած սեպտեմբերին, դատարանը վերջապես որոշում կայացրեց, բայց ԼՀԿ-ն ոչ մի մանդատ չստացավ։ Այսօր էլ շարունակում են ավագանու նիստերի արգելքը պահպանել՝ հիմա էլ Ակայի ՀԱՍԿ կուսակցությունն է դիմել դատարան, բողոքարկել վճիռը։ Մարուքյանի՝ հայցը հետ կանչելու դիմումը վերաքննիչ վարչական դատարանը պետք է հունվարին քննի։ Եթե կարճի գործը, Վանաձորի ավագանին կկարողանա նիստ անել եւ համայնքի ղեկավար ընտրել։ Եթե չընտրվի, ավագանին կցրվի, ու նոր ընտրություններ տեղի կունենան։ Թեպետ չի բացառվում, որ իշխանությունը դատական գործընթացը ձգելու նոր ձեւեր մոգոնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել