168.am-ը գրում է․

«Մարդիկ են եղել վարչության կազմում, որոնք չեն ունեցել գաղտնիության թույլտվություն, այդ մարդկանց խնդրել ենք, իրենք դուրս են եկել սենյակից։ Ի վերջո, ամեն ինչ մեր անվտանգությանն է վերաբերում, պայմանական եմ ասում՝  վարչապետը գալիս, մեզ պատմում է Ալիևի հետ հանդիպման մանրամասները, ու մարդը դա տանում հանրայնացնում է, սա նորմա՞լ է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին։

Նա ասաց՝ մեկ տարուց ավելի «սլիվներ» են ման եկել, թե որտեղից որտեղ ինչ է գնում։

Հարցին՝ ինչո՞ւ սկսեցին այդ մասին խոսել այն ժամանակ, երբ Հովիկ Աղազարյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ խնդրանքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ այդ ժամանակ է պարզ դարձել։

«Քրեական գործի մասին մամուլում տեղեկություններ եղել են, ես պարոն Աղազարյանին երկար ժամանակ առաջ կանչել եմ, ասել եմ՝ մամուլում հրապարակումներ կան, նման բան կա՞, ասել  է՝ չէ, նման բան չկա։

Մենք անհանգստացանք այն ժամանակ, երբ դրա մասին իմացանք, մենք չգիտեինք, թե ով է արտահոսք տալիս։

Քրեական գործ է հարուցվել, իրեն դրա շրջանակներում կանչել են, որպեսզի պարզեն՝ մեղք կա՞, թե՞ չէ, ինքը տվել է հեռախոսը, երբ հեռախոսի մեջ տեսել են, որ դրանից բացի՝ կա նաև այնպիսի բան, որի մասին մենք հիմա խոսում ենք, այդ ժամանակ է պարզ դարձել»,- շեշտեց նա։

Լրագրողի հաջորդ հարցին՝ եթե, օրինակ, իր հեռախոսը քրքրեն, արդյո՞ք շատ բաներ ջրի երես դուրս չեն գա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ինքն ապրում է օնլայն ռեժիմով՝ տանը, փողոցում, արտերկրում, վստահ է, որ ինչ-որ մեկն իրեն անընդհատ նկարում է։

«Եթե դրա կարիքը լինի, վստահ կարող են իմ հեռախոսը վերցնել և որևէ բան չեն գտնի։

Եկեք բարոյական նորմերից չխոսենք, որովհետև որևէ մեկը բարոյական նորմ չի սահմանում, ամեն մեկն իր համար է սահմանում, ախր դուք չգիտեք, թե ինչի մասին է խոսքը, չեմ կարող ձեզ փոխանցել, կամաչեմ»,- ընդգծեց նա։

Լրագրողներն Ալեն Սիմոնյանին փոխանցեցին Հովիկ Աղազարյանի առաջարկը՝ երկու տղա լրագրողների և մեկ կնոջ ներկայությամբ բացեն հեռախոսն ու կարդան տեղեկատվությունը։ Ալեն Սիմոնյանն արձագանքելով՝ ասաց՝ ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանն առաջարկում՝ թող անձամբ հրապարակի։

«Թող ներկայացնի, եթե ինքն այդ աստիճան չի ամաչում, իր խնդիրն է։ Ես չեմ ուզում ներկա լինել այդ առաջարկին, մեկ անգամ ներկա եմ եղել, ինձ հերիք է։ Ես հակառակ առաջարկով եմ հանդես գալիս՝ թող ինքը հրապարակի։ Եթե ինքն այդքան լավ է, թող բացի, չմեկնաբանի, ինձ եկել ուրիշ բաներ էր ասում։ Ժողովո՛ւրդ, լուրջ եմ ասում՝ փակեք այս թեման։ Անձնականի մասին չէ խոսքը, ամեն մարդ ազատ է իր տանը ընկերոջ, ընկերուհու, կնոջ հետ ինչ ուզում է՝ անի։ Երեխեք, ինձ մի ստիպեք ասեմ, նախ՝ ամաչում եմ, հետո՝ չեմ ասի»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ են կարդացել պատգամավորի հեռախոսի պարունակությունը նրա անձնական հեռախոսում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե յուրաքանչյուրն ունի անձնական կյանքի իրավունք, բայց ինքը գաղտնիությանը հասանելիություն ունեցող անձ է և ծանոթացել է, քանի որ դա վերաբերել է ՀՀ անվտանգությանը։

«Ինչ-որ պահի մենք խնդրել ենք, որ վարչության նիստից դուրս գա նաև Սասուն Միքայելյանը, նաև կանայք, ճիշտ է, իրենք գաղտնիությանը ծանոթանալու իրավունք ունեին, բայց ես խնդրել եմ դուրս գան։ Բանակցություններից որևէ բան եթե հայտնվում է մամուլում, դա չի կարելի»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել