«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն ասում են, որ իրենց խոստացվածը չի կատարվել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանում «Մայր Հայաստան« խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Սուքիասյանի խոսքով՝ վարորդներն աշխատանքային պայմանների  ու պարապուրդի հետ կապված բողոքներ ունեն.«Մարդիկ շատ պարզ հայտարարում են, որ այն կանխիկը, որը մտածում էին, թե վարորդներն իրենց գրպանն էին դնում, դա միայն իրենցը չի եղել։ Եվ կանխիկի քչացման դեպքում պետք է լիներ իրենց աշխատավարձերի ավելացումը, որն այս պահին չկա։ Ղեկավարությունն ասել է՝ ով չի ուզում, թող աշխատանքից ազատվի։ Մենք հորդորեցինք, որ կարող են հիմա դուրս գալ երթուղի, մարդկանց տեղափոխել, երեկոյան էլի  հավաքվել և իրենց պահանջը ներկայացնել, սակայն մարդիկ շատ հաստատակամ են։ Այս պահին քաղաքում տիրող տրանսպորտային կոլապսն ամբողջովին մնում է քաղաքային իշխանությունների պատասխանատվությանը։ Քաղաքի բյուջեից 21մլն դրամ տալիս են՝ ֆոտո/վիդեո տեխնիկա են առնում, 7մլն էլ տալիս են բիզնես կլասի տոմս են առնում, որ Ավինյանը գնա Լոս Անջելես, լուրջ դեմքով նայի՝ հասկանալու, թե տրանսպորտն ինչպես են կառավարում։ Սակայն վերադառնում է և հանդիպում խաբված վարորդների վրդովմունքին»։

Ավագանու անդամը նշեց, որ այս ամենից առաջին հերթին տուժում է երևանցին.«Անկախ ամեն ինչից, այն պայմանները, որում աշխատում են  մեր վարորդները, ուղղակի ամոթ ու խայտառակություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել