ԱՄՆ ներկայիս վարչակազմն ակնկալում է, որ կհասցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել նախքան իր լիազորությունների ավարտը՝ 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ռուսաստանի պատերազմական մեքենայի աշխատանքը խափանելու համար Միացյալ Նահանգները զգալի պատժամիջոցներ է սահմանել նրա ֆինանսական հատվածի նկատմամբ. դրանց կհաջորդեն ավելի շատ պատժամիջոցներ», - ասել է Սալիվանը Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը նաև որոշել է ուժեղացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Այսպես, ի հավելումն Կիևին արդեն տրված թույլտվության՝ ամերիկյան հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար օգտագործելու համար, ԱՄՆ-ն մտադիր է հունվարի կեսերին ուկրաինական կողմին փոխանցել «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և այլ կարևոր զինատեսակներ»։
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Ուկրաինային 725 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը, ի թիվս այլ բաների, ներառում էր նաև հակահետևակային ականներ։ Նոյեմբերի 20-ին Բայդենը հավանություն է տվել դրանց տեղափոխությանը Կիև։