Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսական ծառայությունը:

«Իհարկե, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը Հայաստանի համար դրական հեղինակություն չի ստեղծում», -ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը՝  հավելելով, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։

Վոլֆովիչի խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են հինգշաբթի Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, ներկայացվել են պետությունների ղեկավարների քննարկմանը։ 

Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի Աստանայում մասնակցել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Միջոցառմանը միակ բացակայողը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ամփոփել կազմակերպության հովանու ներքո համագործակցության արդյունքները։

ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ 2024 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, այնուհետև նախագահությունը կանցնի Ղրղզստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել