Թևանյան Անդոն իր հերթական հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ իրենք բացարձակ ռուսամետ կողմնորոշման կողմնակից են ու պատրաստ են Հայաստանի բոլոր բանալիները տալ մեկ աշխարհաքաղաքական ուժի ձեռքը:

Անդոյի տեսակետը պարզ է, ինչպես արցունքը, բայց հարց է առաջանում՝ Հայաստանն ունի՞ ռեսուրս՝ մտնելու 100%-անոց պրոռուսական դաշտ:

Օրինակ՝ Անդոն գիտի՞, որ Ադրբեջանը միջազգային ատյաններում Հայաստանի դեմ մոտ 1 տրիլիոն դոլարի հայցեր է պատրաստվում ներկայացնել ու, ինչպես ասում են, դատական կարգով Հայաստանի «վզին դնել»: Խնդիրն այն է, որ 3-րդ հանրապետությունը իրեն հռչակել է 2-րդ հանրապետության իրավահաջորդ, որ սահմանափակվում է ընդամենը մոտ 30000 քկմ տարածքով: Եթե 3-րդ հանրապետությունը հանդիսաում է 2-րդի իրավահաջորդը, ի տարբերություն, ի դեպ ներկայիս Ադրբեջանի, որն իրեն 1-ին հանրապետութան իրավահաջորդ է հռչակել՝ հանրապետություն, որը Ազգերի լիգայի կողմից երբեք չի էլ ճանաչվել՝ հանդիսանալով արհեստական պրոյեկտ, ապա դա նշանակում է, որ Արցախն ու 7 շրջանները Հայաստանը ոչ թե ազատագրել, այլ՝ զավթել է: Իսկ եթե սրան գումարենք Նիկոլի կողմից Պրահայում ստորագրածը, պատկերն է՛լ ավելի ամբողջական է դառնում: Միջազգային իրավունքի տեսանկյունից այդպես է՝ անկախ նրանից՝ ով ինչ է ասում: Հետևաբար՝ եթե Հայաստանը զավթիչ է, ուրեմն Ադրբեջանն ունի իրավունք՝ հարյուրավոր միլիարդներ մեզնից պահանջելու կամ դրա փոխարեն տարածք ստանալու, և Արցախում տեղի ունեցած բռնագաղթի փաստն այս հարցում մեզ չի կարող օգնել:

Սա նշանակում է մեկ բան՝ եթե Հայաստանը գնա Անդոյի նախանշած ուղիով, ապա մեր ժողովրդի ճակատագիրը կարող է շատ մշուշոտ լինել. Արևմուտքի ձեռքի տակ են գտնվում այն բոլոր ատյանները, որոնք կարող են մերժել կամ հաստատել Ադրբեջանի հայցերը: Այլ հարց, եթե Հայաստանը կարողանար թեկուզ ՌԴ-ի օգնությամբ հարկադրել Բաքվին՝ փոխադարձաբար հրաժարվել միմյանց դեմ հայցերից, բայց Բաքուն երբեք չի անի դա՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը, իսկ եթե այդ աջակցությունն ամրապնդվի նաև արևմտյանով, ապա մեր վիճակն իսկապես կարող է ողբերգական դառնալ՝ պետականոթան կորստի երաշխիքով:

Ո՞րն է ելքը: Ելք կա, բայց հաստատ ոչ Անդոյի նախանշած ուղիով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել