168.am-ը գրում է․

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։

Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի խոսքով՝ Վրաստանի տարածքում Գուդաուրի-Կոբի հատվածում  Խաչի լեռնանցքը փակ է՝ առատ ձյան պատճառով։

«Արդեն 3-րդ օրն է՝ ձյան առատ տեղումներ են, ու ճանապարհը երեկվանից մեքենաների համար դարձել է անանցանելի։ Նախորդ օրը միայն բեռնատարների համար էր փակ, իսկ երեկոյան արդեն փակվեց տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար։ Տեղումները շարունակվում են, մինչև տեղումները չդադարեն, վրացական կողմում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվի»,- 168.am հետ զրույցում մանրամասնեց Վահան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս պահին սպասում են, որպեսզի ձյունը դադարի՝ սկսեն ձնամաքրման աշխատանքները և ճանապարհը բացեն։

«Կարծում եմ՝ վաղն էլ ձյուն կլինի, հաջորդ օրվանից նոր կսկսեն ձյունը մաքրել»,- հավելեց Վահան Հակոբյանը։

Միաժամանակ նա հորդորեց, որ վարորդները պետք է սկսեն երթևեկել ձմեռային անվադողերով։

«Կարծում եմ՝ դեկտեմբերի 1-ից Վրաստանում նաև սահմանափակում կա՝ իրավական ակտերով կարգավորված, որ, եթե ձմեռային անվադողերով չեն երթևեկում, վարորդներին տուգանում են։

Մեր հայ վարորդներն արդեն երկար տարիներ վարում են իրենց բեռնատարները և գիտեն, թե ինչպես երթևեկեն ու ինչպես պատրաստվեն ձմեռային ճանապարհին։ Ճանապարհ դուրս գալուց առաջ անպայման ծանոթանան եղանակի տեսությանը, տեսնեն՝ տեղումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե նշված հատվածում սպասվում են տեղումներ, շատ դեպքերում անիմաստ է գնալ ու անցակետում օրերով սպասել»,- եզրափակեց Վահան Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել