Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին, Աստանայում։ Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։ Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները։
Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել