Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանում տիրող իրավիճակի մասին հարցին Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն «առաքելություն, քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան։
«Մենք քաղաքական առաքելություն ենք ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու՝ ինչ է կատարվել»,- ասել է նա։
Բորելի խոսքով՝ առաքելության մասնակիցներն անմիջականորեն կխոսեն վրացական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։
«Մենք կհրավիրենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը, որպեսզի մեզ գնահատական տա տեղի ունեցածի վերաբերյալ», - հավելել է նա։
Բորելը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կուղարկվի առաքելությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «Եվրամիության դուռը բաց կմնա Վրաստանի համար»։
«Սակայն կառավարության կուրսը, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանը և հիմնարար սկզբունքներին, Վրաստանին շեղում է եվրաինտեգրման ճանապարհից»,- ընդգծել է նա։
Բորելը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունն արդեն քայլեր է ձեռնարկել վրացական իշխանությունների հակաժողովրդավարական շրջադարձի ֆոնին՝ սառեցնելով կամ չեղարկելով Վրաստանի կառավարությանն աջակցող ծրագրերի ֆինանսավորումը։
«Մենք չեղարկել ենք մոտ 120 միլիոն եվրոյի աջակցությունը Վրաստանի կառավարությանը և պատրաստվում ենք այդ աջակցությունն ուղղել այն ծրագրերին, որոնք ուղղակիորեն օգնում են ոչ կառավարական կազմակերպություններին և վրաց հասարակությանը», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը, ասել է, որ «ընտրությունները չեն կայացել», և ինքը վիճարկելու է հայտարարված արդյունքները։
Վերջերս ԵՄ-ում հայտարարություններ են հնչում, որ եթե «Վրացական երազանք»-ը չփոխի իր հակաժողովրդավարական կուրսը, ապա Վրաստանը Եվրամիության հետ մերձեցման հնարավորություն չի ունենա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել