Թբիլիսիի Ճավճվաձեի պողոտայում ոստիկանությունը սկսել է ցրել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը:
Ներքին գործերի նախարարության հարյուրավոր աշխատակիցներ՝ պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքից դեպի Մելիքիշվիլի փողոց, որն ավելի մոտ է Ֆիլհարմոնիկին:
Ոստիկաններն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները սկսել են հավաքել ցուցարարների վրանային ճամբարը։ Դեպքի վայր է բերվել քարշակ, որի օգնությամբ, ըստ ամենայնի, ապամոնտաժելու են բարիկադները՝ աղբամաններից, շինարարական աղբի պարկերից և երկու միկրոավտոբուսներից։
Ավելի ուշ իշխանությունները գրավոր հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ հանրահավաքի մասնակիցներին տրվել է «բավարար ժամանակ իրենց բողոքը հայտնելու համար»:
Այժմ նրանք ստիպված են «օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել»՝ վերականգնելու երթեւեկությունը, «ապահովելու հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը և քաղաքացիների կյանքի սովորական ռիթմը»։
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցը ցրելու ժամանակ բերման են ենթարկվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող մի քանի ցուցարարներ։
Ձերբակալությունները սկսվել են Մելիքիշվիլի փողոցից, որտեղ ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Ճավճավաձեի պողոտայից։
Ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք առնվազն տասն են։ Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի օպերատոր Սերգի Բարամիձեն։ Գործընկերներն ընդգծում են, որ Բարամիձեին ծեծել են, տեսախցիկը ջարդել են։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները տեղում լրագրողներին պարզաբանել են, որ ձերբակալությունները տեղի են ունեցել վարչական հիմունքներով՝ հավանաբար խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Ցուցարարներն ասում են, որ իրենց դեմ բազմիցս ուժ է կիրառվել: Առնվազն երկու մարդ վիրավորվել է։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 17-ի երեկոյան։ Բողոքի ակցիան ղեկավարում է «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության հետ համակարգմամբ։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Վարազիխևի, Ճավճավաձե, Մելիքիշվիլի, Կեկելիձե փողոցների խաչմերուկում։
Ոստիկանության մոբիլիզացիան սկսվել է նոյեմբերի 18-ի երեկոյան այն բանից հետո, երբ քաղաքական առաջնորդները հայտարարել են, որ հանրահավաքը կշարունակվի առնվազն ևս 24 ժամ։