Հայաստանում  մի հատ այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնում ես ուրիշ տեղ, այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդը ասում է՝ դե ես խոյեցի եմ, ութերորդը ասում է՝ դե ես իգդիրցի եմ։ Շատ լավ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է,  աշտարակցին ո՞վ է այս երկրում։

Ես հիմա ուզենամ էլ,  չեմ կարող ոչ մշեցի լինեմ, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ, այդպես, ես հենց «ապազգային տարր» եմ։ Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ այդպես էջ էլ ինձ համար բացեմ, չէ: Մենք չենք հասկանում, մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում եմ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկեք այստեղ մարդ չկա բնիկ այստեղից, այնտեղից  եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»,- ասել է նա։

Փաշինյանը անդրադարձավ Անկախության հռչակագրին:

«Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ: Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։

Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է։ Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը  փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել