Դասերից մեկը, որը Եվրամիությունը պետք է քաղի ԱՄՆ նախագահական ընտրություններից, իր անվտանգության ամրապնդումն է:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրոպական միությունը միայն տնտեսական միություն չէ: Պետք չէ մտածել, որ մեր կողքին ունենք ՆԱՏՕ, որը կապահովի մեր անվտանգությունը, իսկ մյուս կողմում Եվրամիությունն է, որը կզբաղվի տնտեսական հարցերով։ Ոչ: Եվրամիությունը ձգտում է վարել անվտանգության և պաշտպանության սեփական համատեղ քաղաքականությունը», – Բորելի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը։
Նոյեմբերի 13-ին նա ելույթ է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ բանավեճերում։
«Եվրոպական միությունը նաև ունի ռազմական պարտականություններ: Խոսքը միայն ՆԱՏՕ-ի բանակների համար զենք արտադրելու մասին չէ: Դա հետքայլ կլիներ այն ամենից, ինչը մենք արդեն արել ենք հինգ տարի…., որպեսզի Եվրոպական միությունը նույնպես ռազմական դեր խաղա: Սա չի հակասում ՆԱՏՕ-ին, դա նրա այլընտրանք չէ, դա լրացում է», – շարունակել է Բորելը։
Նա հիշեցրել է ԵՄ-ի «Ռազմավարական կողմնացույց» ռազմական հայեցակարգի մշակման մասին, որը համաձայնեցվել է բոլոր անդամ պետությունների կողմից։
«Այս ամենը պետք է շարունակվի և իրագործվի», – ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։