Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները:
Այս մասին X-ում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռին։
«Արդարադատության միջազգային դատարանը իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996 թվականը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»,- գրել է Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում:
3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։
Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։