2018 թվականից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, տնտեսական, աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, ոչ միայն խնայողություններ չեն անում, այլ ընդհակառակը՝ պետության հաշվին վոյաժներ են կազմակերպում։
Իշխանության վերնախավից հետ չեն մնում նաև ՔՊ-ական համայնքապետերը։ Այսպես, Մեծամորի համայնքապետ ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը, դեռևս 2022 թվականին ձեռք էր բերել թանկարժեք ծառայողական մեքենա, հիմա էլ պետության «կարիքների» համար հանգիստ է կազմակերպում։
Նոյեմբերի 6-ին, 5 մլն 478 հազար 540 դրամի պայմանագիր է կնքել «Սուսաննա Չելիկյան» Ա/Ձ-ի հետ, որպեսզի վերջինիս Ա/Ձ-ն Կոտայքի մարզում հանգիստ կազմակերպի 70 անձի համար։
Պայմանագրում նշված չէ, թե ում համար է նախատեսված հանգստի ծառայությունը, սակայն պարզ հայերենով գրված է, որ այն իր մեջ ներառում է 35 սենյակ, 3 անգամյա սնունդ և հանգստի տևողությունը 4 գիշեր, 5 ցերեկ է։Կապ հաստատեցինք Մեծամորի համայնքապետարանի ընդունարանի աշխատակցի հետ, ով մեր հարցը լսելուց հետո, տեղեկացրեց, որ համապատասխան բաժնից կկապնվեն մեզ հետ։ Քիչ անց զանգահարեցին, լսելով մեր հարցը, թե ում համար է նախատեսված հանգստի կազմակերպումը, աշխատակիցը, ով չներկայացավ, ասաց․ «Համայնքի 70 անապահով անձանց համար է»։
Մեր այն հարցին, թե ինչպես եք ընտրել անապահով անձանց, պատասխանը եղավ շատ կտրուկ՝ պաշտոնական գրությամբ դիմեք։
Քիչ անց մեզ հետ կապ հաստատեց Մեծամորի համայնքապետարանի սոց․աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Վարդան Բաղդասարյանը, ով Euromedia24.com-ի հետ զրույցում նշեց, որ 70 անձանց մեջ ներառված են տարեցներ, զոհվածների ընտանիքի անդամներ։
Մեր այն հարցին, ինչպե՞ս եք ընտրել անապահովներին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Քննարկում է եղել, վարչական ղեկավարներն են ընտրել, ծրագրից կօգտվեն անապահովները, ովքեր իրենց համեստ եկամուտներով հազիվ իրենց կենցաղն են ապահովում»։
Իսկ որտե՞ղ են հանգստանալու, Բաղդասարյանը ասաց, որ հանգիստը Աղվերանում է կազմակերպվելու։ Փաստորեն, ձմռան նախաշեմին, Մեծամորի համայնքապետարանը, փոխանակ փորձի թեթևացնել անապահովների կենցաղային խնդիրները, ուղարկում է հանգստի։