Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ինչպես հայտնում են ՆԳ նախարարությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։
Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային կառույցներին՝ ներդրված ջանքերի և համագործակցության համար։
Ընդգծելով նոր տրամաբանությամբ ծառայության իրականացման կարևորությունը՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությանը, աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությանը և մի շարք այլ հարցերի։
Նա կարևորել է նորաստեղծ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների համագործակցության ամրապնդումը։ Նախարարը շնորհավորել է նաև Քրեական ոստիկանության ծառայողներին՝ հատկապես շարքերը համալրած քաղաքացիական անձանց։
Անդրադառնալով Քրեական ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ծառայողների փորձառությունը նոր պայմաններում օգտագործելու կարողությունը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցությունը։
Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորման կապակցությամբ շնորհավորել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նշել է. «Ոստիկանությունում այսպիսի արմատական փոփոխություններ երբեք չեն կատարվել: Փոփոխություններն աննախադեպ են ոչ միայն իրենց ծավալներով, այլև որակապես: Բարեփոխումները նախաձեռնելիս մեր տեսլականը եղել է ունենալ ավելի արդյունավետ գործող ոստիկանություն և ավելի պրոֆեսիոնալ ոստիկան»։
Նա ընդգծել է, որ երկու ստորաբաժանումների համագործակցությունը կարևոր քայլ է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում: Երկուստեք ջանքերի համատեղումը թույլ կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել ինչպես ոչ մեծ և միջին, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։
ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի խոսքով՝ «Արդեն իսկ կարելի է փաստել, որ ստեղծվել է համագործակցության առողջ մթնոլորտ Քրեական ոստիկանության հետ, և ցանկացած հարց, որն առաջանում է այս երկու հենասյուների միջև, լուծվում է ի շահ ոստիկանության»:
Ելույթ են ունեցել նաև ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։
Նորաստեղծ ստորաբաժանումներ ծառայության անցնելու իրենց տպավորություններով են կիսվել կին ծառայողները։ Հանդիպման ավարտին ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են սպայական կոչումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել