Բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել է թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ-ի փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսել են հատկապես լորդ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:
Այնուհետև շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Մինչ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը՝ բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել էին ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին: