Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Յերապետիտիսը իր թուրք գործընկերոջ՝ Աթենք կատարելիք այցի նախօրեին ասել է, որ իր երկիրը վստահության հիմք է ստեղծել Անկարայի հետ, որը թույլ է տալիս նրան «կանխել ճգնաժամերը»։ Այս մասին նա ասել է թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Ըստ նախարարի՝ վերջին 15 ամիսների ընթացքում Հունաստանն ու Թուրքիան վերսկսել են երկկողմ երկխոսությունը ամենաբարձր մակարդակով, և նրանք «չափից ավելի կամք են դրսևորել՝ հարաբերություններն այլ ճանապարհով տանելու»:
«Քայլ առ քայլ մենք հասել ենք վստահության այնպիսի մակարդակի, որ կարող ենք անկեղծորեն քննարկել խնդիրները և կանխել ճգնաժամերը»,- ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։
Նրա հարցազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք կատարելիք այցից առաջ՝ երկարաժամկետ երկկողմ հակամարտությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նոր ջանքերի շրջանակում։ Դրանց թվում են ծովային սահմանների շուրջ վեճերը։
Բանակցությունները նաև կօգնեն ճանապարհ հարթել Հունաստանի և Թուրքիայի միջև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի համար, որը նախատեսված է 2025 թվականի սկզբին Անկարայում:
Հունաստանը և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, սակայն տասնամյակներ շարունակ հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ՝ սկսած օդային տարածքից մինչև ծովային իրավազորություն Արևելյան Միջերկրական ծովում և մինչև Կիպրոսի բաժանումը: