168.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում «պատմական հաղթանակի» առթիվ՝ երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման հույս հայտնելով:
«Շնորհավորում եմ ընտրված նախագահ Թրամփին ընտրություններում պատմական հաղթանակի առթիվ: Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարիներին աշխատելու ձեզ հետ։ Որպես ամենամերձավոր դաշնակիցներ՝ մենք ուս-ուսի կանգնած ենք մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և ձեռնարկատիրության պաշտպանության համար: Ես գիտեմ, որ առանձնահատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև՝ աճից մինչև անվտանգություն, նորարարություններ և տեխնոլոգիաներ, առաջիկա տարիներին կշարունակեն բարգավաճել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում», – ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է X սոցիալական հարթակում:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։
Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։ Թրամփն ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի, Հնդկաստանի ղեկավարներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։