
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
Դալոլ: Աֆարի մարզ, Եթովպիա
Դալոլը լքված քաղաք է Հյուսիսային Եթովպիայում: Այն տեղակայված է Աֆար մարզի 2-րդ վարչական շրջանում: 1918 թ.-ին Դալոլից 28 կմ հեռավորության վրա մի երկաթուղի կառուցվեց: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կառավարությունը որոշեց հանել երկաթուղին այնտեղից, քանզի միջազգային առևտրական երթուղիներն ընդարձակվել էին: Այս վայրում է գտնվում Դալոլ հրաբուխը: Այս գյուղաքաղաքում կան բազում աղի կանյոններ: 1960-ականներին ամերիկյան «Փարսոնզ» ընկերությունը մի շարք երկրաբանական հետազոտություններ անցկացրեց Դալոլում: 1926 թ.-ին Դալոլի հրաբուխը ժայթքեց, ինչի արդյունքում 30 մետրանոց խառնարան առաջացավ:
Ներկա վիճակը
Դալոլը լքված քաղաք է, որտեղ կանգուն են միայն մի քանի շինություններ: Դալոլի միջին ջերմաստիճանը չափազանց բաձր է բնակելի տարածքի համար: 1960-1966 թթ. տարեկան միջին ջերմաստիճանն այստեղ կազմել է 34°C: Դալոլի ջերմաստիճանը հաճախ հասնում է 45 °C: Դալոլը նաև աշխարհի ամենահեռավոր վայրերից է: Դեպի Դալոլ տանող միակ կանոնավոր տրանսպորտային փոխադրամիջոցը ուղտի քարավանն է: Մարդիկ քարավաններով ուղևորվում են Դալոլ` աղ հավաքելու համար: Դալոլը գտնվում է Հյուսիսարևելյան Եթվպիայում`Էրիտրեյան սահմանի հարևանությամբ: Այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ Աֆարում կատաղի ցեղեր են բնակվում, Դալոլը դարձնում են բավականին վտանգավոր վայր: Վերջին տարիներին մի շարք զբոսաշրջիկների վրա հարձակումներ են տեղի ունեցել: Եթե ցանկանում եք այցելել Դալոլ, լավ կանեք միայնակ չգնաք այնտեղ:
Լինֆեն, Շանքսի նահանգ, Չինաստան
Լինֆենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքներից է, որը գտնվում է Շանքսի նահանգում: Ներկայումս քաղաքի բնակչությունը հասնում է 4.2 միլիոնի: Լինֆենը դասվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների թվին: Աղտոտման պատճառը մեծ թվով էլեկտրակայաններն են, որտեղ ածուխ են այրում: Ածխի արտանետումների հետևանքով քաղաքը մառախլապատ և մշուշոտ է դարձել: Տեղական մամուլն ու բնապահպանական ընկերությունները ճնշումներ են գործադրել Չինաստանի կառավարության վրա, որպեսզի այն լրջորեն զբաղվի քաղաքի մաքրման աշխատանքներով: Լինֆենում շատ երեխաներ տառապում են շնչառական հիվանդություններով:
Ներկա վիճակը
Լինֆենում գործում են երկաթի, պողպատտի և ածխի արտադրությամբ զբաղվող հազարավոր գործարաններ: Այս քաղաքում ապրող քաղաքացիները ստիպված են ողջ օրը պաշտպանիչ դիմակ կրել: Լինֆենի բնակչության համար արդեն սովորական է դարձել ամեն անգամ տնից դուրս գալով ածխի մրի մեջ հայտնվել: Բրիտանացի փորձագետներն անգամ համեմատել են Լինֆենի աղտոտման վնասները միջուկային էլեկտրակայանի պատճառած աղետի հետ: Մի քանի տարի առաջ Բեյջինգի իշխանությունները կարգադրել են խստացնել գործարանների աշխատանքի վերահսկումը, ինչից հետո որոշ գործարաններ փակվել են: Սակայն հենց մի գործարան փակվում է, մի ուրիշն է նրա փոխարեն անօրինական կերպով բացվում:
Լինֆենի մոտակայքում գտնվող Ֆեն գետը միլիոնավոր մարդկանց համար խմելու ջրի աղբյուր է հանդիսանում, սակայն այն միաժամանակ կեղտաջրերի բաց կոյուղի է: Միջազգային հետազոտություններից պարզ է դարձել, որ Շանքսի նահանգում հաճախակի են գրանցվում մարդկանց թունավորման դեպքեր, և բնակչության կյանքի միջին տևողությունը ավելի ցածր է, քան Չինաստանի մյուս քաղաքներում:
Սենյակ 39 (Room 39), Փխենյան, Հյուսիսային Կորեա
Սենյակ 39-ը գաղտնի կառավարական կազմակերպություն է, որը գտնվում է Հյուսիսային Կորեայում: Այն մի փոքր տարօրինակ վայր է, քանզի ոչ ոք դրա ստույգ տեղը չգիտի: Շատ մարդիկ կարծում են, որ այն գտնվում է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանի Լեյբորիստական կուսակցության շենքի մոտակայքում: Սենյակ 39-ը հիմնվել է 1970-ականների վերջերին: Շատերն ասում են, որ այն Քիմ Չեն-իլի պահուստային ֆոնդն է, որի գումարի զգալի մասը կուտակվել է քաղաքական գործիչների կաշառակերության արդյունքում: Սենյակ 39-ում կա ավելի քան 5 միլիարդ դոլար, և ըստ որոշ աղբյուրների` այն ներգրավված է բազում ապօրինությունների մեջ:
Ներկա վիճակը
Ասում են, որ այս կազմակերպությունը օգտագործում է 10-20 բանկային հաշիվներ Չինաստանում և Շվեյցարիայում փողերի լվացման և այլ ապօրինի գործողությունների համար: Ըստ որոշ աղբյուրների` Սենյակ 39-ը ներգրավված է զենքերի վաճառքի, մաքսանենգ ճանապարհով դեղերի արտահաման և անգամ միջուկային զենքերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն վաճառելու մեջ: Քանի որ Հյուսիսային Կորեան մեկուսացած է, դժվար է ճշտել այս տեղեկատվության հավաստիությունը, սակայն տարածված է այն կարծիքը, որ Քիմ Չեն-իլը իր շարունակական իշխանության համար պարտական է հենց Սենյակ 39-ին, քանզի այս կազմակերպությունը նրան հնարավորություն է ընձեռում խթանել կաշառակերությունը և ապօրինաբար ձեռք բերած միջոցներով ֆինանսավորել Հյուսիսային Կորեայի մջուկային ծրագիրը: ԱՄՆ-ը մեղադրել է Սենյակ 39-ին ռազմական սպառազինություն վաճառելու մեջ: ԱՄՆ-ը պնդում էր, որ այս քայլը արվել է օտարերկրյա արտարժույթ ձեռք բերել համար: Հյուսիսային Կորեան հերքել է իր մեղավորությունը:
Մոգադիշո, Սոմալիի Բենադիր շրջան
Մոգադիշոն Սոմալիի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է: Քաղաքը տեղակայված է առափնյա Բենադիր շրջանում, և դարեր շարունակ ծառայել է իբրև կարևոր նավահանգիստ: 1990 թ.-ին ապստամբ ուժերը պաշարեցին քաղաքը` դրդելով այն ժամանակվա նախագահ Մուհամեդ Սիադ Բառեին հեռանալ Քենյա: Մոգադիշոյում շարունակ իշխանակռիվ էր, սակայն 2006 թ.-ին իսլամիստները և բիզնեսմենները կոալիցիոն կառավարություն կազմեցին, որը հայտնի դարձավ իբրև Իսլամական դատարանների միություն: Այն իր ձեռքերում կենտրոնացրեց ողջ երկրի վերահսկողությունը, բացի Բայոդա քաղաքից: Ի պատասխան, մի եթովպացի զինվորական, ով երկար ժամանակ Քենյա էր աքսորված, գրավեց Իսլամական դատարանների միությունը և փորձեց վերականգնել նրանց կառավարությունը: Մոգադիշոն Եթովպիայի և Սոմալիի կառավարությունների միջև մղվող մարտի դաշտ է հանդիսացել:
Ներկա վիճակը
Սոմալին աշխարհի ամենաանկայուն վայրերից է: Սոմալիի կառավարության անկումից հետո օտար ազգերն օգտվեցին առիթից և սկսեցին թալանել երկրի սննդի պաշարները: Սոմալիի ջրային տարածքներից տարեկան 450 միլիոնի ծովամթերք է գողացվում օտարերկրացիների կողմից: Այսպիսով, օտարերկրացիները աշխարհի ամենաաղքատ ժողովրդից գողանում են սպիտակուցի արժեքավոր աղբյուր: 2008 թ.-ին BCC-ն հաղորդեց, որ բնակիչների կեսը լքել է քաղաքը: Նշվում էր նաև, որ Մոգադիշոյի կենտրոնում մի շարք ռմբակոծված շինություններ կան: Քաղաքապետը նշել է, որ տեղի բոլոր քաղաքացիները և զբոսաշրջիկները նվազագույնը 2 կմ հեռավորություն են պահպանում մայրաքաղաքից: Վերջին մի քանի տարիների ընթացքում բվազմաթիվ ճակատամարտեր են մղվել այս տարածքում: Վերջինը Մոգադիշուի ճակատամարտն էր: Այն սկսեց 210 թ.-ի մարտի 10-ին , երբ Ալ-Շաբաբի ապստամբները գրոհեցին կառավարական ուժերի վրա:
Սիտե-Սոլեյլ, Պորտ-օ-Պրենս, Հաիթի
Սոլեյլը խիտ բնակեցված քաղաք է Հաիթիում: Այստեղ բնակվում է 200,000-300,000 մարդ: Սոլեյլը աշխարհի ամենավտանգավոր վայրերից է: Այնտեղ չկա կոյուղի, չկան խանութներ, և գրեթե բացակայում է էլեկտրականությունը: 1991 թ.-ից ի վեր այստեղի բնակչությունը մատնված է աղքատության և գործազրկության: Սոլեյլում բավականին բարձր է անգրագիտության մակարդակը: Վերջին տասնամյակներին քաղաքի վրա զինված հարձակումներ են կատարվել տարբեր հանցախմբերի կողմից: 1999 թ.-ին բռնկված հրդեհը մեծ վնասներ հասցրեց քաղաքին: ՄԱԿ-ը հրապարակել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկալի վիճակում է այստեղ:
Ներկա վիճակը
2010 թ.-ի հունվարի 12-ին Պորտ-օ-Պրենսից 25 կմ դեպի արևմուտք ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ: Երկրաշարժից տուժեց 3 միլիոն մարդ, 230,000-ը զոհվեց, և Հաիթիի մոտ մի միլիոն բնակիչ մնաց անապաստան: Մոտ երկու շաբաթ տևեց մինչև հումանիտար օգնությունը հասավ Սիտե-Սոլեյլ: Ներկայումս քաղաքի փողոցներում վխտում են տարբեր զինված հանցավոր խմբավորումներ: Սպանությունները, բռնաբարությունները, առևանգումները, թալանն ու կրակոցները բավականին տարածված են: Սիտե-Սոլեյլի բնակչության մեծ մասը երեխաներ ու մինչև 50 տարեկան մարդիկ են: Բանն այն է, որ կյանքի միջին տևողությունն այստեղ բավականին կարճ է, և քչերին է հաջողվում ապրել 50 տարուց ավելի: Մարդկանց մեծ մասը մահանում է ոչ թե բնական մահով, այլ բռնարարքներից և հիվանդություններից, այդ թվում ՁԻԱՀ-ից: Այս քաղաքում հաճախ են առևանգումներ լինում: Հիմնական թիրախներից են արտասհամանյան զբոսաշրջիկները: Բնակիչների մեծ մասը հավատարիմ է մնում նախագահ Ջին Բերտրանդ Արիկստրայդին և նրա գլխավորած Ֆանմի Լավալաս շարժմանը: 2010 թ.-ի երկրաշարժի ժամանակ շատ բանտարկյալներ խույս տվեցին բանտից և գնացին թաքնվելու Սիտե-Սոլեյլում, ինչից հետո հանցագործությունների թիվը կտրուկ աճեց այնտեղ: