Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու անձանց, որոնք խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում զանգվածային լցոնումներ են կազմակերպել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում մեղադրյալները ընտրությունները կեղծելու նպատակով կեղծ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփերը, ինչը պատճառ է դարձել քվեարկության դադարեցման և նշված տեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները քվեատուփի մեջ լցնելու համար ձերբակալվել է երկու անձ։

Տվյալ ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղարկվել են։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ձայների 54%-ով։ Ընդդիմությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Դատախազությունը հետաքննություն է սկսել կեղծումների մեղադրանքներով և պետության ղեկավարին կանչել է հարցաքննության։ Զուրաբիշվիլին հրաժարվել է գնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել