Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը  Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանի հարցին, արդյոք Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։

Ըստ նրա, սրա շրջանակում թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում են, որի ուղղությամբ  ջանքեր են գործադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

«Երբ ասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկը, որը եղել է, թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագված չէ, ավարտված չէ։ Բոլորս ունենք մեր պատկերացումները։ Ես Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով մի բան եմ հասկանում, կարող է՝ դուք այլ բան։ Մենք այս պահին զբաղվում ենք և մեր զբաղվելիքը հետևյալ վերնագիրն ունի՝ Ադրբեջանի հետ  հարաբերությունների կարգավորում»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին՝ նա ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

Ռուստամյանն էլ հակադարձեց՝ ինքը խոսում է այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարության ծրագրում ամրագրված են և հարցրեց՝ հիմա դուք ձեր ծրագիրն իրականացնելո՞ւ եք, թե՝ ոչ:

Միրզոյանն արձագանքեց. «Պարզ է, որ գրված է բայց աշխարհը, հատկապես այս հինգ տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտվում, ոն՞ց կարող է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենա արդեն փոփոխված աշխարհում: Սա դինամիկ բան է և չեմ կարծում, թե հեգնական ժպիտը տեղին է, պարո՛ն Ռուստամյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել