«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել:
Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձեւավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին:
Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից եւ արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:
Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաեւ Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»:
Քոչարյանը կոպիտ ձեւով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է:
Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին եւ Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել:
Հայտնել էինք նաեւ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին:
ՔՊ-ական մեր աղբյուրները նաեւ փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, եւ Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի:
Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: