168.am-ը գրում է․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես մտահոգված է» Իսրայելի կողմից ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) գործունեության արգելման առնչությամբ և կարծում է, որ դա կարող է «կործանարար հետևանքներ» ունենալ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։

«UNRWA-ն այն հիմնական միջոցն է, որով կարևոր օգնությունը հասնում է պաղեստինցի փախստականներին օկուպացված պաղեստինյան տարածքում։ UNRWA-ին այլընտրանք գոյություն չունի։ Այդպիսի օրենքների կիրառումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ օկուպացված պաղեստինյան տարածքի պաղեստինցի փախստականների համար, ինչն անընդունելի է», – ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

«Ես կոչ եմ անում Իսրայելին գործել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին և միջազգային իրավունքով, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքով նախատեսված այլ պարտավորություններին համապատասխան…. Ազգային օրենսդրությունը չի կարող փոխել այդ պարտավորությունները», – հավելել է Գուտերեշը։

Նրա կարծիքով՝ UNRWA-ի գործունեության արգելքը վնաս կհասցնի իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը The Times of Israel-ին հայտնել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է հոկտեմբերի 28-ին Քնեսեթի կողմից ընդունված օրենքի պատճառով, որն ուղղված է UNRWA-ի դեմ։ Նա նշել է, որ այդ օրենքի իրագործումը կարող է աղետալի լինել ավելի քան 3 միլիոն պաղեստինցիների համար»:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես դատապարտել են Իսրայելի որոշումը։

Քնեսեթի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ որևէ ծառայություն մատուցել Իսրայելի տարածքում։ Իսրայելի իշխանություններին արգելվում է որևիցե շփում ունենալ UNRWA-ի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել