168.am-ը գրում է․

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ թեպետ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց 8,4 տոկոսով ավելացել է այլ երկրներից ժամանողների թիվը, մասնավորապես՝ Իրանից, Վրաստանից, Չինաստանից և Հնդկաստանից։

Հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում գրանցվել է ապրանքների արտահանման 2,1 անգամ աճ, սակայն հայկական ապրանքների արտահանումը (առանց ոսկու) ավելացել է շուրջ 1,4 տոկոսով։ Նախարարի խոսքով՝ բարձր աճը հիմնականում պայմանավորված է ոսկու վերարտահանմամբ։

Տարվա առաջին 9 ամիսներին ներմուծման աճը կազմել է 56,5 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է շուրջ 5,2 տոկոսով։

«Վերարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են, այսինքն՝ մենք ունեցել ենք նախորդ տարվա վերջում և այս տարվա առաջին կիսամյակում ոսկու վերաարտահանման զգալի աճ, և այս միտումները գնալով իջնում են, և մենք կարծում ենք, որ հաջորդ տարի շարունակելու է իջնել»,- նշեց նախարարը։

Հովհաննիսյանի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ՏՏ ոլորտում թողարկումը նվազել է, սակայն ոլորտի աշխատավարձերի և աշխատողների թվաքանակի ցուցանիշներում կայունացման միտումներ են նկատվում։ Կառավարությունում հուսով են, որ վերջերս գործադիր մարմնի նիստում ընդունված որոշման և աջակցության ծրագրի շրջանակում կկարողանան հաջորդ տարի ոլորտի նկատելի աճ ապահովել, այդ թվում՝ նոր ներդրումների և զարգացումների շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել