Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորաոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել