Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան, դրանցից մեկն այն է, որ հիմնական իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի հարցը լինի իշխանափոխությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով քննադատություններին, որ ընդդիմությունը պայքարը միմյանց դեմ է մղում:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքն իրենց պարզապես չի հետաքրքրում և որ իրենք պայքարում են, որ ունենանք պետականություն և այդ պետականությունը լինի անսասան, անկախ, երկիրն էլ լինի անվտանգ:

«Ցավոք, ժամանակ առ ժամանակ, որոշ ընդդիմադիր գործիչներ և շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան մեր առաքելության՝ Փաշինյանի հեռացման համար: Մենք դրան վերաբերում ենք ներողամտաբար ,որովհետև, որպես կանոն, ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է, որպես կանոն, թույլերն են փորձում ճանկռել ուժեղներին:

Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են և ստիպված ենք լինում յուրաքանչյուրին հիշեցնել, թե ով էր ինքը եղել իշխանափոխության ժամանակ: Այնպես որ մենք բոլորի «դուխով» գլխարկները հիշում ենք, հրապարակից բոլորի սելֆիները հիշում ենք, բայց ընդհանուր գործի համար պատրաստ ենք դրան այս պահին ուշադրություն չդարձնել»,- հայտարարեց նա:

Նա ընդգծեց, որ իրական ընդդիմադիր դերակատարները հասկանում են իրավիճակի լրջությունը և հավասարապես ազնվաբար լծված են պայքարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել