168.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է՝ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չեն կարողանում հստակ պատասխանել լրագրողների և պատգամավորների հետևյալ հարցին՝ արդյոք ադրբեջանական զորքը դուրս գալո՞ւ է Հայաստանի զավթված տարածքներից, այդ հարցն Ադրբեջանի հետ քննարկե՞լ են։
Ըստ Մհեր Գրիգորյանի, սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովում Ներքին Հանդից, Ջերմուկից և ՀՀ այլ տարածքներից Ադրբեջանի զորքի դուրս գալու հարց պաշտոնապես չի քննարկվել։
Իսկ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական զորքի դուրսբերումը համարում է «մանրուք»։
Լրագրողի հարցին, թե հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանել է.
«Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, սահմանազատման գործընթաց չէ՝ հաշվի առնելով ներկայիս զարգացումները։
«Անունը դնում են սահմանազատման գործընթաց, բայց մշտապես ինչ-որ տարածքներ են հանձնում։ Տրամաբանելով կարող եմ եզրակացնել, որ մենք գործ ունենք վաճառքի պրոցեսի հետ, տվյալ դեպքում վաճառողները մհեր գրիգորյաններն են, ալեն սիմոնյանները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երբ շուկայում ապրանքը մի 100 գրամ շատ են լցնում, հաճախորդի համար թիվ են կլորացնում, այս գործընթացը հենց նման տպավորություն է թողնում։ Իր իշխանությունը հենց այս լոգիկայով է մոտենում ՀՀ տարածքին, հետևաբար՝ այդ ամենն իրենց համար իսկապես կարող է «մանրուք» լինել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Վրթանեսյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ռեալ սահմանազատման գործընթաց չի տեսնում, որովհետև ՀՀ-ից արդեն շատ մեծ տարածքներ են հանձնվել թշնամուն, որի անունը իշխանությունն ամեն անգամ դնում է սահմանազատում։
Ավելին՝ այս ընթացքում որևէ սահմանազատման գործընթաց չի եղել՝ դրանք եղել են զիջումներ թշնամուն։
«Հիշեցնեմ, որ 2020 թվականից հետո իրենք GPS-ով էին քարտեզ գծում, GPS-ով տարածքներ հանձնում։ Ըստ էության, 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ասում էին՝ GPS-ով ենք սահման գծում, հետո պարզվեց, որ GPS-ը հեչ, հույս էին տալիս, որ դա ինչ-որ ձևով փաստաթղթավորվելու է։ Բայց չէ, արդյունքում նորանոր տարածքներ են հանձնում, թշնամին անընդհատ առաջ է գալիս, ու սա իշխանությունը կրկին ընկալում է՝ որպես «մանրուք»։
Հայտարարում էին, որ դրա համար կռիվ չեն տալու, թշնամուն մեսիջ են ուղարկում, որ՝ «եկեք, մենք չենք դիմադրելու»։ Թշնամին իր դիրքերն է ամրացնում, փաստացի ստացվում է, որ առանց որևէ ռեալ պայմանավորվածության ու ստորագրության է այս ամենն իրականացվում, էլ չխոսեմ, որ առանց որևէ իրավական գործընթացի։
Այնպես որ՝ եկեք սա սահմանազատում չանվանենք, սա խաբեություն է»,- հավելեց փորձագետը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենի արդյունքում, յուրաքանչյուր քայլից հետո Ադրբեջանն առաջ է քաշում նորանոր պահանջներ։ Պարբերաբար հայ ժողովուրդն ականատես է լինում, թե ինչպես է թշնամին վերցնում Սև լճից տարածքներ, հետո՝ Ներքին Հանդից, Ջերմուկից ու այլ հատվածներից։
Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը սկզբում խոսում ՀՀ 29.900 քկմ տարածքից՝ համարելով դա «կարմիր գիծ», բայց հիմա ամեն ինչ փոխվել է։
«Հիմար կկվի պատմության պես, հանրությանը մատուցում է, թե սա էլ ու վերջ, բայց երբեք այդ վերջը չի գալիս»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։