168.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր նախագահական նստավայրում կընդունի «3+3» ռեգիոնալ խորհրդատվական հարթակի նիստի մասնակից արտգործնախարարներին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպումը, ըստ տեղեկությունների, կկայանա Դոլմաբահչե պալատում։ Հաղորդվում է, որ հանդիպումն Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Հաքան Ֆիդանի, Աբբաս Արաղչիի և Սերգեյ Լավրովի հետ անցկացվելու է փակ ռեժիմով, այսինքն՝ այն չի լուսաբանվելու։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանում է ռեգիոնալ «3+3» հարթակի հերթական՝ երրորդ նիստը։ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ Սակայն ռեգիոնալ երկրները հուսով են, որ Վրաստանն այնուամենայնիվ կմիանա հնգյակին։