Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին զգուշացրել է, որ Թեհրանը պատրաստ է «վճռական և ափսոսանքի հանգեցնող» պատասխանի, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակման:
Իրանը հոկտեմբերի 1-ին շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի վրա՝ վրեժ լուծելով իր երկու ամենամոտ դաշնակիցների՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի, ինչպես նաև իրանցի գեներալի սպանության համար, գրում է arabnews.com-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն անցյալ շաբաթ խոստացել է, որ իր երկրի պատասխան քայլը կլինի «մահացու, ճշգրիտ»:
«Իրանը, բոլոր ջանքերը գործադրելով տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, լիովին պատրաստ է վճռական և ափսոսանքի հանգեցնող պատասխան տալու Իսրայելի ցանկացած արկածախնդրությանը», - Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին նաև կոչ է արել ՄԱԿ-ին օգտագործել իր ռեսուրսները՝ «դադարեցնելու Իսրայելի ռեժիմի հանցագործություններն ու ագրեսիաները և մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան և Գազա»։
Անցած շաբաթվա ընթացքում Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Իրաք և Օման՝ փորձելով թուլացնել տարածաշրջանում լարվածությունը: