ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ռազմական ռեսուրսներ է խնդրել նրա անվտանգության ուժեղացման համար ընտրարշավի վերջին շաբաթներին՝ կապված նրա կյանքի սպառնալիքների հետ, տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Սպիտակ տուն եւ Գաղտնի ծառայություն ուղարկված էլեկտրոնային նամակներում Թրամփի նախընտրական շտաբը խնդրել է օգտագործել ռազմական ինքնաթիռ նախկին նախագահին ընտրություններից առաջ տեղափոխելու համար։ Խնդրանքը նաեւ ներառել է թռիչքների ընդլայնված սահմանափակումներ Թրամփի նստավայրի եւ նախընտրական հանրահավաքների վայրերում, ինչպես նաեւ բալիստիկ ապակիների օգտագործում, սրանք անվտանգության միջոցներ են, որոնք նախկին նախագահն արդեն ստանում է։
Դա տեղի է ունեցել Թրամփի դեմ երկու մահափորձերից հետո, որոնք կատարվել են հուլիսին։ Նա նաեւ դարձել է ենթադրվող դավադրության օբյեկտ՝ վարձու սպանության նպատակով, որին, ինչպես տեղեկացվել է, մասնակցել է Պակիստանի քաղաքացի՝ կապված Իրանի հետ։
Անվտանգության ուժեղացված միջոցները նախադեպ են հանդիսանում։ Նախագահի ոչ մի թեկնածու կամ նախկին նախագահ նորագույն պատմության մեջ ռազմական ինքնաթիռով չի տեղաշարժվել ընտրություններից առաջ։ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից հետո Բայդենը ստորագրել է երկկուսակցական օրինագիծ, որն ուժեղացնում է Գաղտնի ծառայության կողմից նախագահի եւ փոխնախագահի հիմնական թեկնածուների պաշտպանությունը։ Օրինագիծը պահանջում է, որպեսզի Գաղտնի ծառայությունը կիրառի նույն չափորոշիները գործակալների թվաքանակը որոշելիս, որոնք անհրաժեշտ են նախագահի, փոխնախագահի եւ այդ պաշտոնի հիմնական թեկնածուների պահպանման համար։ CBS News-ի համար արված հայտարարությունում Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հայտնել է, որ Թրամփը «ստանում է պաշտպանության գերագույն մակարդակ»։
«Պաշտպանության նախարարությունը կանոնավորապես օգնություն է ցուցաբերում նախկին նախագահի պաշտպանությանը, ներառյալ պայթյունավտանգ առարկաների վնասազերծումը, կինոլոգիական ստորաբաժանումները եւ օդային փոխադրումները։ Գաղտնի ծառայության մատուցած այլ միջոցները ներառում են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները (TFR) նախկին նախագահի նստավայրի տարածքում եւ նրա ուղեւորությունների ժամանակ։ Բացի այդ, նախկին նախագահը ստանում է բարձրագույն մակարդակի անվտանգության տեխնիկական միջոցներ, որոնք ներառում են անօդաչու թռչող սարքեր, անօդաչու օդային դիտարկման դիմակայման համակարգեր, բալիստիկա եւ առաջավոր այլ տեխնոլոգիական համակարգեր»,- ասել է նա։