ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անհրաժեշտ է համարում Սիրիա հումանիտար օգնությանն աջակցությունը, ինչպես նաեւ այն, որ երկիրը չպետք է վերածվի ահաբեկիչների հենակետի։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի, Հորդանանի, Կատարի եւ ԱՄԷ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցում։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարությունում նշվել է, որ Բլինքենը ԱՄԷ արտգործնախարար Աբդալա բեն Զաիդ Ալ Նահայանի հետ զրույցում «ընդգծել է հումանիտար օգնությանն աջակցելու անհրաժեշտությունը, եւ որպեսզի Սիրիան չվերածվի ահաբեկիչների հենակետի»։ Նա նաեւ հայտնել է  երկրում «քիմիական զենքի պաշարների ոչնչացման» անհրաժեշտության մասին։

Միլլերի խոսքով՝ Բլինքենը նման դիրքորոշում է հայտնել նաեւ Կատարի վարչապետ, արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի եւ Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Հուսեյն Աբդալա աս-Սաֆադիի հետ հեռախոսազրույցում։ Նա նշել է նաեւ, որ Սիրիայի զինված ընդդիմության բոլոր խմբերը «պետք է հնարավորություն ունենան մասնակցելու քաղաքական գործընթացին»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել