Կա ափսոսանք, որովհետեւ, եթե դուք հիմա նայեք, օրինակ, թե ինչպես է աճում Վրաստանի տնտեսությունը վերջին երեք տարիներին եւ Հայաստանի տնտեսությունը, կտեսնեք, որ 2022-2023 թվականներին մենք բավականին ավելի արագ ենք աճել, քան Վրաստանի տնտեսությունը, որը սակայն 2024-ին ամբողջությամբ փոխվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղացվածություն չկա վարչապետից ու իշխանությունից:
«2024-ին Վրաստանի տնտեսական աճը 10 տոկոս է, Հայաստանինը 6-ից էլ քիչ է արդեն: Դա չէր լինի, եթե լիներ նպատակասլաց աշխատանք հենց տնտեսական զարգացման ուղղությամբ»,-ասաց նա:
Նախկին նախարարը չթիրախավորեց իր հաջորդին՝ Գեւորգ Պապոյանին. «Դա մի մարդու աշխատանքից չի կախված, կախված է թիմային աշխատանքից, թիմի տրամադրվածությունից, տարբեր մարդկանց ներդրումից այդ աշխատանքի մեջ: Այդ աշխատանքի փոփոխությունը դուք հիմա տեսնում եք»,- ընդգծեց նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մտավախություն չունի, որ իր բիզնեսին կխոչընդոտեն, եթե իշխանամետ մոտեցումներ չունենա, Քերոբյանն ասաց. «Ես դրանից չեմ վախենում: Գիտեք, որ երբ ես գործարար էի նախքան նախարար դառնալս, ունեցել եմ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, այդ թվում նաեւ մասնակցել եմ տրանսպորտի թանկացման դեմ պայքարին, «էլեկտրիկ Երեւանին» եւ այլն: Կարծում եմ՝ հիմա չլինելով քաղաքականության մեջ եւ գրագետ բիզնես անելով, կկարողանամ իմ բիզնեսը պաշտպանել»: