168.am-ը գրում է․
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ներգրավել 75 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:
Նա նշեց, որ 2024 թվականի պետական բյուջեով պակասուրդի ֆինանսավորման համար հաստատվել էին ֆինանսավորման աղբյուրներ, որոնց մի մասն ապահովվում է բյուջետային աջակցության վարկերի միջոցով: Խոսքը 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի մասին է:
Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին: Փոխնախարարը տեղեկացրեց, որ խոսքը 75 մլն եվրո վարկի մասին է: Տոկոսադրույքների երկու հնարավորություն կա, որը պետք է որոշեն մասհանման ժամանակ: Վարկի ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ:
Ըստ նախագծի՝ վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը և մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելու, կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:
Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից, առաջին՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, երկրորդ՝ պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում եւ երրորդ՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում:
Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում: Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննարկմանն են ներկայացնելու եւս 2 վարկային համաձայնագրեր, որոնք Զարգացման ֆրանսիական գործակալությունից ստացվելիք վարկի հետ միասին ծածկելու են անհրաժեշտ բյուջետային աջակցության մի մասը։ Կառավարությունը խորհրդարանին կառաջարկի վավերացնել նաև Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրն ու Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը:
«Բյուջետային աջակցության վարկերը բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակ են հետապնդում: Քանի որ 2024 թվականին կապիտալ ծախսերն անհամեմատ ավելի մեծ են, քան պետական բյուջեի պակասուրդը, դա նշանակում է, որ բյուջետային աջակցության վարկերը և ընդհանրապես պարտքային միջոցներն օգտագործվում են երկարաժամկետ ակտիվներ ստեղծելու ուղղությամբ:
Այսինքն՝ դրանք ուղղվելու են այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսին են դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը, ոռոգման համակարգերի շինարարությունը: Հետևաբար, այս բյուջետային վարկերն անուղղակիորեն կապակցված են կապիտալ ծախսերի իրականացման հետ»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դրանք երկարաժամկետ կտրվածքում ազդեցություն են ունենալու տնտեսական հնարավորությունների մեծացման վրա: