168.am-ը գրում է․
ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա տարբեր առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Նշենք, սակայն, որ թե նախարարների, թե ղեկավարների մակարդակով ՌԴ միջնորդությամբ եռակողմ հանդիպումներ, շփումներ նախատեսված չէին։ ՌԴ ղեկավարն այսօրմիմիայն երկկողմ շփումներունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնք հակամարտության կարգավորման թեման չշոշափեցին, այլ կենտրոնացան երկկողմհարաբերությունների, առևտրաշրջանառության և համատեղ պրոյեկտների վրա։
Ուշագրավ էր, թե այս ամենին զուգահեռ՝ ինչ հայտարարություններ էր արել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ ճգնում են սեպի նման խրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացի մեջ:
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ «սև աշխատանքն» արվել է Մոսկվայում»,- շեշտել էր նա:
ՌԴ նախագահի օգնականը նաև նշել էր, որ արևմտականներն իրենց գործողություններով ցանկանում են ներգրավվել բանակցային գործընթացում և դրանով իսկ ներքաշվել տարածաշրջանային գործերին։ «Մենք համաձայնության չեկանք եռակողմ հանդիպման մասին, բայց այդպիսի միտք կար, կողմերից մեկը դեմ էր», – ասել էր Ուշակովը լրագրողներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այդ ձևաչափին։
Բնականաբար, այցին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև ռեգիոնում, ինչպես նաև Արևմուտքում, որի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ, որպեսզի ըստ ամենայնի Արևմուտքում շատ «չնեղանան», ՀՀ ԱԳՆ-ն առանձնահատուկ կերպով հայտարարեց, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ իր տպավորությամբ՝ հայկական կողմը մասնակցում է միջոցառումներին, սակայն դա լիարժեք մասնակցություն չէ։ Նրա խոսքով՝ այն, որ հայկական կողմը չի միացել հայտարարություններին, և այն, որ ամենայն հավանականությամբ չի ցանկացել եռակողմ հանդիպում ունենալ Մոսկվայում Պուտինի ու Ալիևի հետ, ուղերձներ են Արևմուտքին։
«Այդ ուղերձների էությունը կայանում է նրանում, որ Հայաստանն այս կառույցների անդամ է, չի կարող բոյկոտել բոլոր հարթակները, ուստի ժամանակ առ ժամանակ մասնակցում է միջոցառումներին, սակայն չի անում քաղաքական քայլեր, որոնք կարող են երկակի մեկնաբանվել Արևմուտքում, քանի որ հասկանալիորեն Արևմուտքում այս ամենին մեծ ուշադրությամբ են հետևում և կարձագանքեն յուրաքանչյուր քայլի դեպի Մոսկվա»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական և տնտեսական որոշ մտայնություններ ունեն, որը ստիպում է պահպանել որոշ շփումներ։
«Այցին ընդառաջ արված հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս միջոցառման ՌԴ գլխավոր նպատակներից մեկը Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումն էր, որն այս անգամ չհաջողվեց, սակայն կարծում եմ, որ ռուսական կողմն այն կկազմակերպի առաջիկա այլ հնարավորության դեպքում։ Հաջորդ շփումը նախատեսվում է Կազանում, ուստի այնտեղ գուցե կրկին փորձ արվի կազմակերպել հանդիպում, քանի որ ռուսական կողմը համարում է, որ համաձայնագրի նախապատրաստման հիմքերը դրել է Մոսկվան, ուստի ակնարկն այն է, որ այն պետք է ստորագրվի կամ Մոսկվայում, կամ ՌԴ միջնորդությամբ։ Երևանն այս սցենարին այս փուլում դեռ դեմ է, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ որոշակի սրացում կա Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում և համապատասխանաբար ավելի սերտ համագործակցություն՝ Բաքու-Մոսկվա ձևաչափում։ Ուստի չի բացառվում, որ Բաքուն փորձի ամրապնդել Մոսկվայի միջնորդական դիրքերը։ Ներկայումս այդ միտումը նկատվում է, թեև ընդհանուր առմամբ Երևան-Բաքու հայտարարությունները լավատեսության առիթ չեն տալիս, և դժվար է ասել, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնագիր ստորագրել։ Սակայն դա չի բացառում այն, որ ՌԴ դիրքերը, որպես միջնորդ, կարող են ամրապնդվել»,- ասաց նա։
Ի դեպ, հավելենք, որ երեկ երեկոյան 168.am-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացրել էին, թե Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գաղտնի հանդիպում, որի մասին պաշտոնապես չէր հայտարարվել: Ականատեսները պնդում էին, որ այսօր լուսադեմին` ժամը 05:00-ի սահմաններում, գրեթե միաժամանակ Կրեմլ են ժամանել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ավտոշարասյուները: